Апрель 19

Պետրոս Դուրյան

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿԵՆԱՑՍ ՄԵՋ

Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,

Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։

Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,

Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։

Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։

Պետրոս Աբրահամի Դուրյան (Զըմպայան) հայ բանաստեղծ, դրամատուրգ։
Մանկություն և կրթություն
Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե) երկաթագործի ընտանիքում։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։
Ընտանիք
Դուրյանի Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, հայրը կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց 1850-ական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։
Մայրը՝ Արուսյակ դեռ օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետիկը (այսպես էին տնեցիները դիմում Պետրոս Դուրյանին) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։
1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։
Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։
Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը, փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ 
Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ 
Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։
Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ 
Դուրյանը դարձել է Որդիկ բեյի տնային ուսուցիչը։
Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, և Դուրյանը թողել է աշխատանքը։
Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։ «Սկյուտարի սոխակ» բեմական գործունեությունը կարճ է տևել։ «Թատրոն օսմանիեի» տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ Դուրյանը նորից մնում է անգործ և ամբողջովին նվիրվում գրական աշխատություններին։
Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։
Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր հիվանդացել էր թոքախտով։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։